National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.06.2010
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը շարունակում է աշխատանքը
1 / 3

Հունիսի 29-ին Ուղղափառության միջխորհրդարանական 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը  աշխատանքները  շարունակեց  Էրեբունի-Պլազա հյուրանոցում:

Վեհաժողովի առաջին նիստի քննարկման թեման էր «Ուղղափառության ավանդը արեւելաքրիստոնեական ավանդապաշտ երկրների պետականության կայացման եւ զարգացման գործում»:

 Վեհաժողովի նախագահ Սերգեյ Պոպովը, ողջունելով մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս հայտնեց, որ վեհաժողովի աշխատանքները արդյունավետ կլինեն, քանզի օրակարգային հարցը խիստ արդիական է եւ ուշադրության արժանի: Նա անդրադարձավ այն փաստին, որ ուղղափառությունը հսկայական դեր է խաղացել վեհաժողովի անդամ երկրների ազգային ինքնագիտակցության եւ պետականության ամրապնդման գործում: Քրիստոնեությունը, Հայաստանում եւ Բյուզանդիայում   պետական կրոն դառնալով, նոր լիցք է հաղորդել պետականության ամրապնդմանն ու քաղաքակրթության զարգացմանը: Ուղղափառ երկրներում ավանդաբար կարեւորվում է եկեղեցու եւ պետության ներդաշնակ գոյակցության շարունակականության խնդիրը` որպես քաղաքացիական հասարակության հոգեւոր կայուն զարգացման գործոն:

Վեհաժողովում ելույթ ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը: Նա խոսեց քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանի պատմության նշանակալից իրադարձությունների, հայ առաքելական եկեղեցու` քրիստոնեական արժեքներին հավատարիմ մնալու, ազգային գաղափարախոսության, լեզվի, մշակույթի պահպանման ու զարգացման գործում, ինչպես նաեւ հայ ազատագրական պայքարում  ստանձնած կարեւոր դերի ու   հսկայական ավանդի մասին: Բանախոսը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ եթե Հայաստանի անկախության շրջանում հայ առաքելական եկեղեցին սատարում էր պետությանը եւ շատ կարեւոր դեր կատարում նրա ամրապնդման գործում, պետականության կորստի շրջանում իշխանական ուժերը համախմբող դեր էր ստանձնում, պետականությունը վերականգնելու միջոցներ ձեռնարկում, իր հոտին քրիստոնեական հավատքով  ոգեշնչում եւ արհավիրքներին դիմագրավելու ուժ տալիս:  Կրթության, գիտության ու մշակույթի զարգացման, ընտանիքի ամրապնդման, պետականաշինության ու ազգապահպանության գործում հայ ժողովրդի ձեռքբերումները հնարավոր չէ պատկերացնել առանց հայ առաքելական եկեղեցու մասնակցության:

Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի պրոֆեսոր, Աթենքի ակադեմիայի թղթակից անդամ, Սերբիայի եւ Բուլղարիայի ակադեմիաների անդամ Անտոնի-Էմիլ Տախիաոսը  խոսեց արեւելաքրիստոնեական երկրների պետականության կայացման գործում եկեղեցու դերակատարման մասին: Նա կարեւորեց վեհաժողովի քննարկման թեման, քանի որ այն վերաբերում է անդամ երկրների ընդհանրական ավանդույթներին, նրանց պատմությանը, անցած ճանապարհին եւ համատեղ անելիքներին: Պատմական անդրադարձ կատարելով քրիստոնեության հաստատման վաղ շրջանին` բանախոսը արձանագրեց այն փաստը, որ կայսրը միշտ էլ եկեղեցու աջակցության կարիքն է ունեցել, իսկ եկեղեցին եղել է պետության հոգեւոր հիմքը եւ աջակցել անկախ պետականության հաստատմանն ու ամրապնդմանը: Որպես օրինակ` նա հիշատակեց հայ առաքելական եկեղեցու անձնվիրությունը ազգային արժեքների պահպանության  եւ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում ունեցած դերակատարությունը: Խոսելով Բուլղարիայում, Սերբիայում, Ռուսաստանում քրիստոնեության տարածման եւ պետականության ամրապնդման գործում բյուզանդական ուղղափառ եկեղեցու առանցքային դերակատարման մասին` նա նկատեց, որ այդ աջակցությունը եղել է անշահախնդիր եւ անգամ նպաստել  ազգային գաղափարախոսության հաստատմանն ու այդ երկրների  անկախացմանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդական Վալերի Ալեքսեեւի ելույթը վերաբերում էր պետություն- եկեղեցի հարաբերությանը: Նա նկատեց, որ այդ հարաբերությունները կարգավորող քրիստոնեական առաջին կանոնները մշակվել են Կոստանդնուպոլսում ու փոխանցվել նրա օգնությամբ ուղղափառ հավատքն ընդունած երկրներին: Ըստ Ալեքսեեւի` ուղղափառությունը ոչ միայն նպաստում է ամուր պետության կայացմանը, այլեւ կարեւոր դեր է խաղում ազգային մտածողության ձեւավորման, ազգային արժեքների պահպանման, ընտանիքում հոգեւոր հարաբերությունների ամրապնդման գործում, ուստի եկեղեցու եւ պետության ներդաշնակ կապը կարեւոր է, ինչպես հոգու եւ մարմնի գոյակցությունը:

Նա անդրադարձավ խորհրդային պետությունների փլուզմամբ պայմանավորված` նոր գաղափարախոսության հաստատման եւ այդ գործում ուղղափառ եկեղեցու ակտիվ դերակատարության  անհրաժեշտության մասին: Դա չի նշանակում, որ եկեղեցու սպասավորները պետք է քաղաքական հարցերով զբաղվեն. ավելին դա մեծ հարված կարող է հասցնել ուղղափառությանը: Վալերի Ալեքսեեւի խոսեց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գործունեության նպատակների, գործառույթների հստակ տարանջատման եւ համագործակցության եզրերի մասին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդական, աստվածաբանության դոկտոր Կոստաս Միգդալիսը անդրադարձավ վերջին տասնամյակներում ձեւավորվող եկեղեցի-պետություն-հասարակություն նոր կապին` նշելով, որ քրիստոնեական հավատքը վերածնունդ է ապրում, եւ ավելի ու ավելի է մեծանում հասարակության մեջ նրա դերակատարությունը: Դրա հիմնական պատճառը կյանքի տարբեր ոլորտներում մոդեռնիզացման գործընթացներին կրոնի ակտիվ մասնակցությունն է: Աշխարհը հոգեւոր ու նյութական դրսեւորումներ ունի. անհատի եւ պետության հոգեւոր կյանքը անհնար է պատկերացնել առանց քրիստոնեական հավատքի: Բանախոսի կարծիքով` պետության եւ եկեղեցու ներդաշնակ կապը ենթադրում է գործունեության ոլորտների հստակ սահմանազատում: Այդ կապն առավել ներդաշնակ է, երբ հասարակության մեջ հավատքն առավել մեծ է, իսկ եկեղեցու մասնակցությունը հասարակական կյանքին` առավել ակտիվ:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ներանտզիս Անաստասիոսը նկատեց, որ գլոբալիզացիան նոր մարտահրավերներ է մատուցում հավատացյալներին եւ կարող է գայթակղությունների մղել, ինչից պետք է խուսափել: Քաղաքացիական հասարակության հավատքի ուժը որոշիչ դեր է խաղում երկրի հոգեւորացման գործում, ինչը իր հերթին երկրի զարգացման խթան է դառնում: Նրա գնահատմամբ` հավատալ նշանակում է մոտ լինել Աստծուն. կատարելության ճանապարհը ոչ թե գործած սխալների համար պատժվելու վախն է, այլ Աստծուն մոտ լինելը, ինչից էլ սկսվում է աստվածային իմացությունը: Մովսես մարգարեն էլ, Աստծուն մոտ գտնվելով, կարողացավ անհնարինը հնարավոր դարձնել:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթներ ունեցան նաեւ վեհաժողովի անդամ երկրների տարբեր ներկայացուցիչներ:

Նույն օրը վեհաժողովի բոլոր պատվիրակները այցելեցին Հայոց  Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ուղղափառության միջխորհրդարանական 17-րդ վեհաժողովը աշխատանքը կշարունակի  հունիսի 30-ին: Նույն օրը տեղի կունենա  կունենա  ՈԻՄՎ գլխավոր վեհաժողովի նախագահի եւ  գլխավոր քարտուղարի մամուլի ասուլիսը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am